
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն հայտարարել է, որ ծառայության տրամադրության տակ հայտնված տեղեկությունների համաձայն՝ Բրյուսելում գիտակցում են, որ եթե Երևանը հայտնվի Եվրասիական տնտեսական միությունից դուրս, Հայաստանը կարող է կանգնել խոր տնտեսական ճգնաժամի առաջ։
ՌԴ ԱՀԾ-ի հայտարարության համաձայն՝ արդեն այժմ Բրյուսելը Նիկոլ Փաշինյանի կառավարությունից պահանջում է կրճատել ռուսական բիզնեսի ներկայությունը ռազմավարական ոլորտներում, խզել Ռուսաստանի հետ մարդասիրական կապերը և զսպել այդ քաղաքականությանը դեմ հանդես եկող ներքին ընդդիմախոսներին։
Հաղորդագրության համաձայն՝ ԵԱՏՄ-ին մասնակցությունից ստացվող եկամուտների կորուստը թույլ չի տա միության անդամ երկրների հաշվին պահպանել դեպի Եվրամիություն կողմնորոշվող Հայաստանի իշխանությունների տնտեսական կայունությունը։
ՌԴ ԱՀԾ-ն նաև պնդել է, որ եվրոպական կառույցներում ընդունում են՝ Եվրամիությունում խորացող տնտեսական խնդիրները, որոնք, ըստ հայտարարության, պայմանավորված են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների քաղաքականությամբ և եվրոպական բյուրոկրատիայի՝ Ուկրաինայում պատերազմին աջակցելու ձգտմամբ, Բրյուսելին հնարավորություն չեն տա փոխհատուցել Երևանի համար առաջացող միլիարդավոր կորուստները։
Ըստ նույն աղբյուրի՝ եվրոպական մի շարք երկրներ արդեն ազդակներ են փոխանցել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն իրենց շուկաները բացել հայկական ապրանքների համար՝ ի վնաս սեփական արտադրողների։
Միևնույն ժամանակ, հաղորդագրության հեղինակների պնդմամբ, Բրյուսելի պաշտոնյաները շարունակելու են հավաստիացնել Երևանին իրենց անվերապահ աջակցության մասին։ Նշվում է, որ կոնկրետ օգնության բացակայությունը նախատեսվում է բացատրել այն հանգամանքով, թե Եվրամիությանն անդամակցելու գործընթացը լիովին կախված է Երևանի քայլերից և եվրաինտեգրման ճանապարհին արձանագրված «ձեռքբերումներից»։
Նույն հայտարարության մեջ նշվում է, որ նման քաղաքականությունը խրախուսվելու է Հայաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի հնարավոր ազատականացման հեռանկարներով և ապագայում Հայաստանը «բարգավաճ Խաղաղության խաչմերուկի» վերածելու խոստումներով։
Հաղորդագրության վերջում Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարել է, որ Բրյուսելը չպետք է ակնկալի, թե ԵԱՏՄ անդամ երկրները շարունակելու են աջակցել Երևանի իշխանություններին և ֆինանսավորել, ինչպես ձևակերպվում է հայտարարությունում, նրա շրջադարձը դեպի Եվրամիություն։
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս ֆինանսական աջակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։