30 հունիսի 2009 - 18:29 AMT
Հայաստանի քաղաքական գործիչները մինչեւ այժմ լիարժեք պատկերացում չունեն ԵԽԽՎ մասին
Հայաստանի իշխանությունները Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովից (ԵԽԽՎ) պասիվ արձագանք էին սպասում Հայաստանում տիրող իրավիճակի հանդեպ: Ընդդիմությունը կարծում էր, որ ԵԽԽՎ-ն պետք է բոլոր խնդիրները լուծի երկրի քաղաքական հասարակական սեկտորի փոխարեն: Արդյունքում ստացվում է, որ Հայաստանի քաղաքական գործիչները լիարժեք պատկերացում չունեն ԵԽԽՎ մասին: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Եվրաինտեգրում» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը:

«ԵԽԽՎ 1677 բանաձեւի ընդունմամբ պարզ դարձավ մեկ բան. այսօր Հայաստանում լուրջ հնարավորություն կա առողջ բանավեճ սկսելու բանաձեւի իրագործման շուրջ: Ամբողջ հարցը նրանում է, թե կհամաձայնվի արդյոք արմատական ընդդիմությունը գնալ քաղաքական երկխոսության հանրապետության իշխանությունների հետ»,- ասել է Կարեն Բեկարյանը:

Մեկնաբանելով ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Զարուհի Պոստանջյանի գործողությունները` փորձագետը հայտարարել է, որ չի խրախուսում նրա քայլերը եւ դրա հիման վրա ստեղծված թոհուբոհը: «Մենք պետք է գիտակցենք, որ Հայաստանը կառույցի լիիրավ անդամ է, որում ներկայացված են բազմաթիվ երկրներ, այդ թվում Ադրբեջանը եւ Թուրքիան: Ելնելով դրանից` ինձ համար անհասկանալի է Հայաստանի ներկայացուցիչների եւ այդ երկրների միջեւ շփման բացակայությունը»,- ասել է Բեկարյանը, ավելացնելով, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունը պետք է հանդես գա որպես միասնական մարմին եւ ցուցաբերի կառուցողական համագործակցություն: