
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում ընտրվել է Արթուր Նազարյանը: Հուլիսի 29-ին Երևանում կայացած Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովի ընթացքում պատվիրակները միաձայն հաստատել են նրա թեկնածությունը, հայտնել է ՀԲՖ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 20 տարի կառույցը ղեկավարած Հրաչյա Ռոստոմյանը հեռանում է պաշտոնից:
Ժողովին մասնակցել 1 ֆեդերացիայի 34 պատվիրակներից 33-ը: Պատվիրակները լսել են նախագահի թեկնածու Արթուր Նազարյանի ելույթը, որի ընթացքում նա ներկայացրել է հայկական բասկետբոլի զարգացման իր տեսլականը, առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները։
Այնուհետև նա պատասխանել է պատվիրակների հարցերին, ինչից հետո անցկացվել է բաց քվեարկություն։
Արթուր Նազարյանը երկար տարիներ գործունեություն է ծավալել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայում՝ զբաղեցնելով գլխավոր քարտուղարի պաշտոնը և համակարգելով ֆեդերացիայի կազմակերպչական, միջազգային և զարգացման ծրագրերը։
Նա 2012 թվականից FIBA International Commissioner է, իսկ 2025 թվականին ընդգրկվել է FIBA Academy-ի հեղինակավոր կրթական ծրագրում՝ որպես մասնակից՝ մարզական կառավարման ոլորտի առաջատար մասնագետների շարքում։