1 հուլիսի 2009 - 23:13 AMT
Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր երկամյա առաքելության ընթացքում ցուցաբերած ակտիվ գործունեության համար, որը մեծապես նպաստել է հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

Զրույցի ընթացքում Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել հայ-գերմանական տնտեսական համագործակցության մակարդակի կապակցությամբ, կարեւորել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմաբնույթ օգնությունը եւ հույս հայտնել, որ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում անգամ երկու երկրներին կհաջողվի ապահովել զարգացմանն ուղղված համատեղ համագործակցության ծրագրերի շարունակականությունը այնպիսի կարեւոր ոլորտներում, ինչպիսիք են` էներգետիկայի, բնապահպանության, կրթության ոլորտները, հանրային կառավարումը եւ այլն: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հակաճգնաժամային միջոցառումների իրականացման առումով ընդգծել է Հայ-գերմանական հիմնադրամի արդյունավետ գործունեությունը` որպես մեծ վստահություն ներշնչող միջազգային համագործակցության օրինակ:

Տիկին Անդրեա Վիկտորինը վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ կայուն հիմք է ստեղծվել համագործակցության նոր ոլորտներ ընդգրկելու համար:

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հաջողություններ է մաղթել տիկին Անդրեա Վիկտորինին` նրա հետագա գործունեության մեջ: