2 հուլիսի 2009 - 17:09 AMT
Դավիթ Հակոբյան. Եվրախորհրդարանը լուրջ ընդունելը մանկամտության դրսեւորում է
«Ես մանկամտություն եմ համարում Եվրախորհրդարանն ու եվրոկառույցները լուրջ ընդունելը»,- մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը: Նրա խոսքով, նրանց բոլոր գործողությունները բխում են միայն սեփական շահից:

«Ամեն անգամ գալով Հայաստան` նրանք միեւնույն գնահատականն են տալիս. «Անցյալ տարվա համեմատ ակնհայտ առաջընթաց է նկատվում»,- հայտնել է Հակոբյանը` նշելով, որ Հայաստանից մեկնելուց հետո Եվրախորհրդարանի ներկայացուցիչները փոխում են իրենց կարծիքը եւ սկսում հակասել նախորդ ասածներին, իսկ երբ հարկ է լինում ճնշել Հայաստանին, նրանք միանգամից ներկայացնում են իրենց հերթական բանաձեւը:

Հակոբյանը մեկնաբանել է նաեւ այն իրադարձությունները, որոնք տեղ գտան ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ` նկատելով, որ Զարուհի Փոստանջյանի արարքի շուրջ ծավալված հիստերիան ցավակցության է արժանի:

«Գերմանիան եւ Անգլիան Հայաստանին շատ ավելի վնաս են հասցրել, քան Թուրքիան»,- հայտնել է Հակոբյանը` ավելացնելով, որ անբարոյական է համարում բոլոր այն նկատողությունները, որոնք այդ հաշվով կատարել են հայ պատգամավորները:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը մոտեցել է թուրք եւ ադրբեջանցի պատգամավորներին` խնդրելով ստորագրել Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւի մեջ ներմուծված փոփոխությունների տակ, այն է` Հայաստանի իշխանություններին ուղղված կոչ բոլոր իրավական գործիքները կիրառել մարտի 1-ի դեպքերի հետ կապվածներին ազատ արձակելու, ինչպես նաեւ մարտի 1-ի դեպքերը հետաքննող Փաստահավաք փորձագետների խմբի գործունեությունը վերականգնելու համար` ներգրավելով Միջազգային անկախ փորձագետների խումբը: