3 հուլիսի 2009 - 00:06 AMT
Լեւոն Տեր-Պետրոսյան. Համաներումը կխթանի ընդդիմության հետագա պայքարը
Այսօր կայացած ընդդիմության հանրահավաքին, ավանդույթի համաձայն, ամենավերջում ելույթ է ունեցել Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Խոսելով համաներումից, նա նշել է, որ գործող նախագահը անգամ չկարողացավ մատուցել այն որպես մեծահոգության քայլ եւ ստիպված էր հայտարարել այն Երեւանի քաղաքապետի խայտառակ ընտրություններից հետո, որպեսզի խուսափի ԵԽԽՎ ճնշումից:

Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ մի շարք քաղբանտարկյալների համաներումը խթան կհանդիսանա հետագա, շատ ավելի նպատակասլաց պայքարի համար դեռեւս բանտարկված ընկերներին ազատելու ուղղությամբ:

Առաջին նախագահը ասել է, որ խոնարհում է գլուխը բոլոր քաղբանտարկյալների առջեւ:

Նա նաեւ նշել է, որ չի կարելի չհիանալ Նիկոլ Փաշինյանի խիզախ քայլով, ով երեկ հանձնվել է Հայաստանի իշխանություններին, չվախենալով իրեն սպառնացող անարդարությունից: Լեւոն Տեր-Պետրոսյանը վստահություն է հայտնել, որ ժողովուրդը կպաշտպանի Նիկոլ Փաշինյանին եւ չի հանգստանա, քանի նա եւ նրանց մյուս ընկերները չվերադառնան տուն:

Ընդդիմության հանրահավաքը ավարտվել է ավանդույթ դարձած երթով Երեւանի փողոցներով: