3 հուլիսի 2009 - 15:15 AMT
ԵՄ-ն կսովորեցնի Հայաստանին թե ինչպես կայունացնել տնտեսական զարգացումը
ԵՄ-ի խորհրդատվական խմբի աշխատանքը հուլիս-դեկտեմբեր ամիսներին կկենտրոնանա հիմնականում երկու ոլորտների վրա` լավ կառավարում եւ տնտեսական զարգացման կայունացում, ասել է ԵՄ քաղաքական բաժնի ներկայացուցիչ Ֆաբիա Պիանան Հայաստանում ԵՄ-ի խորհրդատվական խմբի նիստում, որը նվիրված էր խմբի 3 ամիսների աշխատանքների արդյունքների ամփոփմանը: Ինչ վերաբերում է առաջին ուղղությանը, ապա այստեղ, ըստ նրա, արդեն քննարկումներ են անցել վարչական կառավարման բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի, էլեկտրոնային կառավարման ներդրման ուղղությամբ, ինչպես նաեւ ազգային ծրագրի շրջանակներում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Բացի այդ, նա հավելել է, որ խորհրդատվական աշխատանքներ կանցկացվեն նաեւ վարչապետի լրատվական ծառայության հետ: «Ես հուսով եմ, որ առաջին 3 ամիսների աշխատանքի արդյունքները տեսանելի կլինեն արդեն նոյեմբերին»,-ասել է նա:

Երկրորդ ուղղության իրականացման համար, ըստ Պիանայի, անհրաժեշտ է աշխատանքներ տանել ազատ առեւտրի պայմանագրին Հայաստանի միանալու ուղղությամբ: «Սա շատ կայուն դաշտ է, որը ներառում է նաեւ տեխնիկական խոչընդոտներ»,-ասել է նա: Ըստ Պիանայի, հարկավոր է բարեփոխումներ կատարել պետգնումների, մտավոր սեփականության պաշտպանության, հարկային օրենսդրության ոլորտներում: «Այս ամենը ինդիկատիվ ցուցակի մեջ է մտնում եւ հարկավոր է աջակցել դրան, ուղղություն ցույց տալ, թե ինչպես է պետք առաջ ընթանալ»,-ասել է նա:

Հայաստանում ամփոփել են Եվրոպական հարեւանության ծրագրի շրջանակներում ԵՄ-ի խորհրդատվական խմբի 3 ամիսների աշխատանքի արդյունքներին, ինչպես նաեւ հաստատվել է հուլիս-դեկտեմբերի աշխատանքային ծրագիրը: Հայաստանում տնտեսական եւ քաղաքական ոլորտներում իրականացվող բարեփոխումների տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված Խորհրդատվական խմբի նիստը անցել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ: