6 հուլիսի 2009 - 18:28 AMT
Բարակ Օբաման Մոսկվա է ժամանել
ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ինքնաթիռը տեղական ժամանակով 13:20-ին վայրէջք կատարեց «Վնուկովո-2» օդանավակայանում: Դա Օբամայի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան` որպես նախագահ:

Air Force One-ը հուլիսի 6-ին Մոսկվա մեկնեց Մերիլենդի Էնդրյուս օդակայանից: Ուղեւորության ժամանակ նախագահին ուղեկցում են նրա կինը` Միշել Օբաման եւ դուստրերը` Մալիան եւ Սաշան:

Բարակ Օբամայի աշխատանքային ծրագրի առաջին կետը կդառնա պսակ դնելը Անհայտ զինվորի գերեզմանին Ալեքսանդրովյան այգում: Դրանից հետո կկայանա հանդիպումը Դմիտրի Մեդվեդեւի հետ, որի ընթացքում, ինչպես սպասվում է, փաստաթղթեր կստորագրվեն ՌՀՍ, Աֆղանստանի վերաբերյալ, ռազմական եւ միջուկային, առողջապահության ոլորտներում: Ավելի ուշ կանցկացվի Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների համատեղ մամլո ասուլիսը:

Հուլիսի 7-ին Դմիտրի Մեդվեդեւի ու Բարակ Օբամայի բանակցություններին կմիանա Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ նախագահը կայցելի նաեւ Ռուսաստանի տնտեսական դպրոց, կհանդիպի ռուսական հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ռուս-ամերիկյան բիզնես-գագաթաժողովի մասնակիցների հետ:

ԱՄՆ նախագահի այցը կավարտվի Դմիտրի Մեդվեդեւի հետ եւս մեկ հանդիպումով: