6 հուլիսի 2009 - 21:19 AMT
Լեռնային Ղարաբաղի համար անընդունելի լուծումը չի կարող կենսունակ լինել
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ցանկացած որոշում, որն անընդունելի կլինի ԼՂՀ ժողովրդի համար, չի կարող կենսունակ լինել: Այդ մասին Կիպրոսի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում առանձնապես զարգացումներ չկան: Հակամարտության բոլոր կողմերը գիտեն, որ բանակցություններում առանցքայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է, եւ ես ուրախ եմ, որ այդ գաղափարի կողմնակիցների թիվն աճում է»,- նշել է ՀՀ նախագահը:

Դիմիտրաս Խրիստոֆիասն իր հերթին հայտնել է, որ աջակցում է Հայաստանին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Հայաստանի եւ Կիպրոսի մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային հարցերում համընկնում են: Մենք գտնում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով»,- նշել է Կիպրոսի ղեկավարը` շնորհակալություն հայտնելով Հայաստանի ղեկավարությանը կիպրոսյան հիմնախնդրում աջակցելու համար: