6 հուլիսի 2009 - 21:57 AMT
ՀՀ պաշտպանության նախարարը պարգեւատրել է «ՀՀ վարչապետի գավաթ-2009»-ի հաղթողներին
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «ՀՀ վարչապետի գավաթ-2009» միջգերատեսչական առաջնության հաղթողին` իր գլխավորած գերատեսչության հավաքականին: Շնորհավորելով պատվավոր առաջին տեղը զբաղեցնելու առթիվ՝ նախարարը նշեց, որ այս հաղթանակը պատահականություն չէ, քանի որ սպորտը բանակում կարեւորագույն դեր ունի: Սպաների եւ զինվորների ֆիզիկական բարձր պատրաստությամբ է պայմանավորված մարտական խնդիրների արդյունավետ կատարումը:

Հունիսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարության հավաքականը «ՀՀ վարչապետի գավաթ-2009» խաղարկության եզրափակիչ հանդիպմանը 6:0 հաշվով հաղթանակ տարավ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հավաքականի հանդեպ:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, ՀՀ վարչապետի սպորտային այս նախաձեռնության նպատակն էր նաեւ ամրապնդել գերատեսչությունների փոխգործակցությունը եւ համախմբել տարբեր կառույցներում աշխատող մարզասերներին:

Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը ՊՆ ֆուտբոլային թիմի անձնակազմին հանձնեց դրամական պարգեւներ, իսկ առաջին տեղը զբաղեցրած հավաքականի պատվոգիրն ու հուշամեդալը հաղթողները փոխանցեցին պաշտպանության նախարարին: