6 հուլիսի 2009 - 22:04 AMT
Կիպրոսի նախագահ. «Մատենադարանը» գանձ է ողջ մարդկության համար
Այսօր` հուլիսի 6-ին, Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը, որը պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում, այցելել է Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտ «Մատենադարան»:

Կիպրոսի նախագահին եւ նրա կնոջը ներկայացրել են «Մատենադարանի» մշտական եւ նոր ցուցադրությունները:

Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը Դիմիտրիս Խրիստոֆիասին եւ նրա կնոջը հուշանվերներ է մատուցել` «Հայկական մանրանկարների գանձերը» ալբոմը եւ «Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալը:

Կիպրոսի նախագահն իր հերթին Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտի տնօրենին է մատուցել առագաստանավի հուշանվերային մանրակերտը` հայտնելով. «Հուսով եմ` մոտ ապագայում հնարավոր կլինի նման նավով շրջանցել Կիպրոսը»: Հրաչյա Թամրազյանն ի պատասխան հայտնել է. «Հայերը սրտանց պատրաստ են աղոթել դրա համար»:

Հրաժեշտին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը հուշամատյանում գրել է. «Մատենադարանը» գանձ է ողջ մարդկության համար»: