6 հուլիսի 2009 - 22:49 AMT
Խաչատուր Սուքիասյանին չի վախեցնում դատարանի առջեւ կանգնելու հեռանկարը
ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն, որը որոնման մեջ է 2008թ. գարնանից, այսօր հանդես է եկել հայտարարությամբ: Նա ընդգծել է որ իրեն չի վախեցնում դատարանի առջեւ կանգնելու հեռանկարը, քանի որ ոչ մի հանցագործություն չի կատարել: «2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովը, բավարարելով գլխավոր դատախազի միջնորդությունը, համաձայնություն էր տվել իմ եւ իմ գործընկերների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով (սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ) եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով (պետական իշխանության յուրացում) քրեական հետապնդում իրականացնելու եւ մեզ կալանավորելու վերաբերյալ: Սակայն Ձեր եւ մի շարք հեղինակավոր կառույցների, հատկապես` Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի հետեւողական միջամտությունների շնորհիվ, իշխանությունները ստիպված եղան ապաքրեականացնել վերոհիշյալ նորմերը, որոնք մինչ այդ հնարավորություն էին ընձեռում մարդուն հետապնդել իր քաղաքական հայացքների համար: Դրան հաջորդեց համաներման ակտի ընդունումը, որի կիրառմամբ իմ գործընկերները ազատ արձակվեցին:

Համաներման այս ակտը նաեւ սահմանել է, որ հետախուզման մեջ գտնվողների նկատմամբ համաներումը կտարածվի, եթե նրանք մինչեւ 2009 թվականի հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին: Ես ներկայանալու հետ կապված խնդիր չունեմ, քանի որ, նախեւառաջ, որեւէ հանցագործություն չեմ կատարել: Ավելին, ինձ եւ գործընկերներիս ներկայացված մեղադրանքները փոփոխելով, իսկ այնուհետեւ` համաներման ակտ ընդունելով, իշխանությունները, ի վերջո, փաստագրեցին, որ այս ամբողջ ընթացքում մեր նկատմամբ իրականացրել են ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում: Բացի այդ, ինձ ներկայացված մեղադրանքը փոփոխելիս գլխավոր դատախազը պարտավոր էր ՀՀ Սահմանադրության 66-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի համաձայն ստանալ Ազգային ժողովի համաձայնությունը: Այդ համաձայնությունը պարտադիր էր նաեւ իմ եւ մյուս պատգամավորների հետագա կալանքի հարցը լուծելու համար, ինչը նույնպես չի տրվել, եւ ես, փաստորեն, քրեական հետապնդման եմ ենթարկվում` զրկված չլինելով պատգամավորական անձեռնմխելիությունից: Այսինքն` ես այսօր իրավունք ունեմ ազատորեն քայլել իմ քաղաքում, եւ ոչ մի ոստիկան իրավասու չէ որեւէ կերպ սահմանափակել իմ այս ազատությունը: ՀՀ Ազգային Ժողովը նույնպես պետք է շահագրգիռ լինի, որպեսզի պատգամավորի նկատմամբ անօրինական քայլեր չձեռնարկվեն:

Բնականաբար, իշխանություններն իրենց բնորոշ ոճով, անտեսելով անգամ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի վերջին` թիվ 1677 բանաձեւի պահանջները, ձգտելու են ինձ պահել անազատության մեջ եւ իրենց գործիքները հանդիսացող դատավորների միջոցով ստանալ իրենց կեղծ եւ շինծու մեղադրանքների տակ դրված կնիքները: Այս ամենը ինձ առանձնապես չի մտահոգում: Ես պատրաստ եմ հետեւողականորեն պայքարել իմ եւ իմ ժողովրդի իրավունքների եւ ազատությունների վերականգնման համար ռւ համոզված եմ, որ արդարությունը, ի վերջո, հաղթանակելու է»,-ասվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարության մեջ: