7 հուլիսի 2009 - 12:26 AMT
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՀՊ-ի, ՌՀՍ-ի եւ Աֆղանստանի շուրջ
ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի նախագահների միջեւ բանակցությունների արդյունքում ստորագրվել է հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ), Ռազմավարական հարձակողական սպառազինության (ՌՀՍ) հետագա կրճատման, ռազմական համագործակցության, միջուկային ոլորտում փոխգործակցության հարցերի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը:

Մասնավորապես, Դմիտրի Մեդվեդեւը եւ Բարաք Օբաման փաստաթուղթ են ստորագրել «Ռազմավարական հարձակողական սպառազինության սահմանափակման ու հետագա կրճատման վերաբերյալ համատեղ փոխըմբռնման» մասին:

Միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել Ռուսաստանի տարածքով սպառազինությունների, ռազմական տեխնիկայի, զինվորական գույքի եւ անձնակազմի տարանցման վերաբերյալ, քանի որ ԱՄՆ զինված ուժերը մասնակցում են Աֆղանստանում անվտանգության, կայունացման ու վերականգնման ջանքերին:

Կողմերը շրջանակային փաստաթուղթ են ստորագրել ՌԴ ու ԱՄՆ-ի զինված ուժերի միջեւ համագործակցության մասին, ինչպես նաեւ հուշագիր երկու երկրների զինված ուժերի միջեւ ռազմական համագործակցության կատարելագործման 2009թ. աշխատանքային պլանը:

Որոշում է կայացվել Համագործակցության զարգացման հայ-ամերիկյան նախագահական հանձնաժողովի ստեղծման մասին: Դա նոր համակարգող մեխանիզմ է նախկինում գործող Գոռ-Չերնոմիրդին հանձնաժողովի փոխարեն:

Դ.Մեդվեդեւն ու Բարաք Օբաման հուշագիր են ստորագրել ՌԴ եւ ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունների միջեւ, ինչպես նաեւ նոտաներ են փոխանակել ռազմագերիների ու անհայտ կորածների ռուս-ամերիկյան հանձնաժողովի վերաբերյալ: