7 հուլիսի 2009 - 15:21 AMT
Կիպրոսի նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասն ու առաջին տիկին Էսլի Խրիստոֆիեն այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ Կիպրոսի նախագահը ծաղկեպսակ է դրել հուշարձանին: Այնուհետեւ Կիպրոսի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ ծանոթացել է ցուցադրությանը:

Դ.Խրիստոֆիասը գրառում է կատարել հուշամատյանում: «Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի գործած Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը միջազգային հանրության ու ողջ մարդկության պարտավորությունն է: Կիպրոսն ու Կիպրոսի ժողովուրդը միշտ եղել եւ մնում են Հայաստանի կողքին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում»,-գրել է Դ.Խրիստոֆիասը: Կիպրոսի նախագահը նաեւ եղեւնի է տնկել Հիշատակի պուրակում: