7 հուլիսի 2009 - 16:02 AMT
Կիպրոսի նախագահը պարգեւատրվել է Երեւանի ոսկե մեդալով
Պետական այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասը եւ նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Երեւանի քաղաքապետարան, որտեղ կազմակերպվել է հանդիպում Երեւանի քաղաքապետի եւ պատվավոր քաղաքացիների հետ: Կիպրոսի նախագահը դարձավ առաջին պետության ղեկավարը, որն այցելեց Հայաստանի մայրաքաղաքաի քաղաքապետարան:

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը պարգեւատրեց Խրիստոֆիասին Երեւանի ոսկե մեդալով, ինչպես նաեւ պատկերազարդ ալբոմ նվիրեց Երեւանի մասին: Իր հերթին Կիպրոսի նախագահը նրան հուշանվեր նավակ նվիրեց, որը խորհրդանշում է Կիպրոսի վերամիավորումն ու Կիպրոսի խնդրի խաղաղ լուծումը:

Կիպրոսի նախագահն այցելեց նաեւ Երեւանի պատմության թանգարան, որտեղ գրառում կատարեց հուշամատյանում: