9 հուլիսի 2009 - 18:48 AMT
Հայաստանը պետք է հակազդի այլատյացության ու հայատյացության դրսեւորումներին
Հայաստանը պետք է հակազդի այլատյացության ու հայատյացության դրսեւորումներին, անկախ նրանից, թե որ երկրում եւ ինչ մակարդակով է դա կատարվում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է նորաստեղծ «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կազմակերպության համակարգող խորհրդի անդամ, ArmenianHouse.org. էլեկտրոնային գրադարանի տնօրեն Կարեն Վրթանեսյանը: Իր առաքելությունն իրականացնելու համար, կազմակերպությունը մտադիր է առաջին հերթին համագործակցել նմանատիպ կազմակերպությունների հետ իսկ հետո շփումներ հաստատել ՀՀ ԱԳՆ-ի հետ:

Ինչպես հաղորդել է Վրթանեսյանը, վերջին տարիներին այլատյացությունն արտահայտվում է ոչ միայն Ադրբեջանում, Վրաստանում, Թուրքիայում, ցավոք ՌԴ-ում, այլ նույնիսկ ԱՄՆ-ոն, որտեղ, կարծես թե նման բան հնարավոր չէ:

Վրթանեսյանն ասել է, որ կազմակերպությունը մտադիր է նման դեպքերի համակարգված ու մշտական դիտարկում անցկացնել եւ վերլուծել, հասնելով նրան, որ մեղավորները պատժվեն: Հայատյացության դեպքերը չպետք է անհետեւանք մնան եւ մեղավորները պետք է պատժվեն, ինչն աստիճանաբար կբերի նման երեւույթների նվազեցմանը:

Կ.Վրթանեսյանը կանգ առավ Ստրասբուրգում ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայատյացության դրսեւորման վրա, երբ ադրբեջանցի Գանիրա Փաշաեւան անհիմն կերպով բազում հանցագործությունների համար մեղադրեց հայերին: Նա ափսոսանքով նշեց, որ հայկական պատվիրակությունը անհապաղ չարձագանքեց: Այդ առնչությամբ կազմակերպությունը մտադիր է պարզաբանումների համար դիմել ԱԳՆ:

Ֆինանսավորման աղբյուրների մասին հարցին ի պատասխան, Վրթանեսյանն ասաց, որ Ադրբեջանում հակահայ քարոզչությունը ֆինանսավորվում է բարձր պետական մակարդակով, ինչպես նաեւ գործարարների կողմից, ինչը ցավոք, չես ասի Հայաստանի մասին: Սակայն կազմակերպությունը կգործի ցանկացած դեպքում: