9 հուլիսի 2009 - 19:36 AMT
ՀԲ ղեկավարությունն անձամբ է ծանոթացել Հայաստանի գյուղական շրջանների բարեկարգման ծրագրի իրագործմանը
Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը, որն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում, եւ ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը հուլիսի 8-ին 3 ծրագրերի շրջանակներում իրագործվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, այցելել են Արագածոտնի մարզի 4 գյուղեր` Աղցք, Վարդենուտ, Արա, Մուլքի:

Պատվիրակությունը հավաստիացավ, որ Աղցքում գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվում: Վարդենուտում եւ Արայում վերանորոգվում են գյուղեր տանող 3,5 կմ ճանապարհները: Նախագիծն իրականացվում է գյուղական ճանապարհների բարեկարգման ծրագրի շրջանակներում (LRIP):

Մուլքի գյուղում կառուցվում է պոմպակայան ջրամատակարարման համար: «Մեր այցի նպատակն է հավաստիանալ, որ հատկացված ֆինանսական միջոցները լավագույնս են օգտագործվում»,-ասել է Ալամը: