10 հուլիսի 2009 - 21:21 AMT
Ղարաբաղն իրավունք ունի կառուցել իր խաղաղ կյանքը
Եթե Լեռնային Ղարաբաղը որպես պատերազմող կողմ իրավունք ուներ հրադադարի մասին փաստաթուղթ ստորագրել, ապա Ղարաբաղը նաեւ իրավունք ունի կառուցել իր խաղաղ կյանքը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Ստեփանակերտից, այդ մասին ղարաբաղյան հակամարտությանն ու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համահայկական խորհրդաժողովում հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: «Այս փաստը չի կարելի ժխտել եւ չի կարելի հաշվի չառնել: Այսօր մեր խնդիրն է, որպես պետություն, առավել ժողովրդավարական, տնտեսապես զարգացած ու ուժեղ երկիր դարձնել Լեռնային Ղարաբաղը»,-հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքերով, Ստեփանակերտը բազմիցս է հայտարարել, որ վերապահումներ ունի այն սկզբունքների եւ փաստաթղթերի առնչությամբ, որոնք քննարկվում են բանակցային գործընթացում: «Լեռնային Ղարաբաղը չի մասնակցել այդ քննարկումներին, այլ միայն խորհրդակցություններ է անցկացրել Հայաստանի հետ: ԵԱՀԿ ՄԽ-ն չի քննարկել այդ սկզբունքները մեր` որպես հակամարտող կողմի հետ»,-ասել է Գեորգի Պետրոսյանը: Նա հավելել է, որ այսօր Հայաստանի եւ ԼՂՀ հիմնական խնդիրներից մեկը ջանքերի մոբիլիզացումն է: