11 հուլիսի 2009 - 22:19 AMT
Հայաստանում ստեղծվում է «Հայկական ընտրություն» նոր քաղաքական կուսակցություն
Հայաստանի քաղաքական համակարգին անհրաժեշտ է նոր ուժ, որն ընդունակ կլինի նոր մոտեցումներ առաջարկել հասարակությանը հուզող խնդիրների լուծման համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հայկական ընտրություն» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Արմեն Աղայանը :

«Ընտրություններից հետո սկսվում է քաղաքական դաշտի վերաբաշխում: Սակայն այժմ չկա այնպիսի մի քաղաքական ուժ, որը մյուսներից տարբերվի իր գաղափարախոսությամբ եւ քաղաքական նպատակով: Բոլորը հասարակությանը հուզող հարցերին տալիս են միեւնույն ընդունված պատասխանները: Քաղաքական դաշտի երկրորդ բեւեռը կարող է դառնալ միայն այն ուժը, որն ընդունակ է որակապես նոր պատասխաններ առաջարկել այդ հարցերին: Հենց այդ հանգամանքի գիտակցումն էլ պատճառ է դարձել «Հայկական ընտրություն» կուսակցության ստեղծման», - ասել է նա:

Աղայանը նշել է, որ «Հայկական ընտրությունն» ունի ղարաբաղյան խնդրի լուծման իր տեսլականը: Մասնավորապես, նա նշել է, որ տարածքների հանձնումն անընդունելի է: Արմեն Աղայանը նաեւ վստահ է, որ չի կարելի սահման համարել Հայաստանն ու Թուրքիան «սահմանազատող գիծը»: Հարկավոր է կազմակերպել եվրաինտեգրման հարցերի լուրջ քննարկում եւ, վերանայել այն հատվածը, որը հակասում է Հայաստանի շահերին: «Տնտեսական քաղաքականությունում հարկավոր է հրաժարվել այն ընդունված վերազգային սկզբունքների գերիշխանությունից, որոնք բացասականորեն են անդրադառնում Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի եւ իրական տնտեսության վրա», - ասել է կուսակցության հիմնադիրը: