13 հուլիսի 2009 - 15:57 AMT
Խաղաղապահների տեղակայումը կհակասի ԼՂՀ ազգային շահերին
Լեռնային Ղարաբաղին խաղաղապահներ են առաջարկում, որոնք կարող են փոխարինել առկա սեփական ռազմական անվտանգության համակարգը «կապույտ սաղավարտների» անարդյունավետ մեխանիզմով: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հայտարարել ԼՂՀ ԱԳ նախկին փոխնախարար, Արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով հանրային խորհրդի նախագահ Մասիս Մաիլյանը: «Օտար զինված ուժերի հնարավոր տեղակայումը ԼՂՀ տարածքում, նույնիսկ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների դրոշի տակ, անհապաղ կտրուկ կսահմանափակի հանրապետության իրական ինքնիշխանությունը: Այն հանգամանքը, որ ԼՂՀ ինքնիշխանությունը դեռեւս չի ճանաչվել միջազգային հանրության կողմից եւ երկիրը ներկայացված չէ այդ կառույցներում, կարող է հանգեցնել նրան, որ Ղարաբաղը չի ունենա այդ ուժերի վրա ազդելու միջազգային իրավունքով երաշխավորված հնարավորություն: Նման պայմաններում խաղաղապահ ուժերի տեղակայումը արմատապես կհակասի մեր ազգային շահերին: ԼՂՀ-ն չի կարող սահմանափակել իր պետական ինքնիշխանությունը, չստանալով համապարփակ միջազգային իրրավաբանական ճանաչում: Անվտանգության պահպանման անմիջական պարտավորությունների փոխանցումը, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ կոնկրետ տարածքների փոխանցումը երրորդ կողմին չի երաշխավորում այդ անվտանգության ամրապնդումը եւ նոր սպառնալիքներ է պարունակում»,-ասել է Մաիլյանը: Նա հիշեցրել է, որ ղարաբաղցիները «խաղաղապահների» հետ շփման սեփական փորձն ունեն, երբ 1980-ականների վերջում բնակչության անվտանգության ապահովմանն կոչված խորհրդային զորքերը, չէին կարողանում կատարել իրենց պարտականությունները եւ չկարողացան ապահովել Ադր.ԽՍՀ հայ բնակչության անվտանգությունը` պաշտպանելով նրանց ջարդերից ու բռնությունից: 1991թ., ԽՍՀՄ ղեկավարության հրամանով, նույն զորքերը արտաքսեցին հայ բնակչությանը Արցախի որոշ հատվածներից («Օղակ» գործողություն): «Խաղաղապահ գործողությունները ցույց տվեցին իրենց ցածր արդյունավետությունը նաեւ այլ հակամարտությունների գոտիներում: Հակամարտության գոտի իրենց խաղաղապահներին գործուղող կառավարությունների համար խաղաղապահների շահերն ու անմիջական անվտանգությունը միշտ ավելի կարեւոր կլինեն տեղի բնակչության անվտանգությունից»,-ասել է փորձագետը: