13 հուլիսի 2009 - 20:10 AMT
Սեպտեմբերին կնշվի Հայաստանի Գրողների միության 75-ամյակը
Այսօր Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը մամլո ասուլիս էր հրավիրել, որտեղ ներկայացրեց Գրողների միությունում նախատեսվող բարեփոխումները:

Նրա խոսքերով, բարեփոխումների մի մասն արդեն իսկ իրականացվել է: Նախագահության կազմում ընդգրկվեցին երկու երիտասարդ գրողներ` Արքմենիք Նիոկողոսյանն ու Մհեր Բեհլերյանը: AGBU աջակցությամբ շարունակվում են նաեւ Գրողների միության հրատարակչության վերանորոգման աշխատանքները:

«Արդեն մշակվել են բազմաթիվ մշակութային ծրագրեր, որից մեկը կնպաստի նրան, որ հայ գրականությունը ներկայացվի տարբեր լեզուներով: Թարգմանությունները կիրականացվեն Երեւանի Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական համալսարանի անմիջական աջակցությամբ»,-ասել է Անանյանը:

Սեպտեմբերին կնշվի Հայաստանի Գրողների միության 75-ամյակը, արդեն որոշված է հոբելյանական հանձնաժողովի կազմը:

«Ուշադրությունից դուրս մնացած հարցերը մենք կփորձենք լուծել միության 75-ամյակին նվիրրված միջոցառումների շրջանակներում»,-ասել է Լ.Անանյանը: