13 հուլիսի 2009 - 21:32 AMT
Համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ քաղաքական կամքի դրսեւորում էր
ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահների` Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդեւի ու Նիկոլյա Սարկոզիի համատեղ հայտարարությունը G8-ի շրջանակներում` բանակցային գործընթացը խթանելու կոչ էր, որը պետք է հիմնվի փոխադարձ զիջումների վրա եւ ողջամիտ լուծում տա հակամարտությանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Սերժ Սմեսովը:

«Ինձ համար մեկ բան պարզ է` երեք նախագահների հայտարարությունը քաղաքական կամքի դրսեւորում էր ամենաբարձր մակարդակով եւ բանակցությունների արդյունքներն ամրագրելու ցանկություն»,-ասել է ֆրանսիացի դիվանագետը: Ըստ Սմեսովի, բոլորին են հայտնի կարգավորման երեք հիմնական սկզբունքները` ուժի չկիրառում, ազգերի ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն: Ինչպես նշել է դեսպանը, պետք է գտնել այս երեք սկզբունքները հավասարակշռող տարբերակ:

G8 գագաթնաժողովում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահներ Բարաք Օբաման, Դմիտրի Մեդվեդեւն ու Նիկոլյա Սարկոզին համատեղ հայտարարություն ընդունեցին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ «համաձայնությունը Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության միջեւ պետք է հիմնվի 2007թ. մադրիդյան սկզբունքների վրա»:

Մադրիդյան սկզբունքներն առաջարկում են հանրաքվեի միջոցով իրացնել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ իրավականորեն ամրագրել ԼՂՀ փաստացի անկախությունը:

Հուլիսի 17-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը կհանդիպեն Մոսկվայում` ՌԴ նախագահի ավանդական ձիարշավի շրջանակներում: