15 հուլիսի 2009 - 16:44 AMT
Թեհրան-Երեւան չվերթը կատարող ինքնաթիռն ընկել է թռիչքից 15 րոպե անց
Հուլիսի 15-ին Իրանի հյուսիս-արեւմուտքում կործանվել է Իրանի Caspian Airlines ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը: Ինքնաթիռը կատարում էր թիվ 7908 չվերթը Թեհրանից Երեւան:

Ինքնաթիռում եղել են 153 ուղեւորներ ու անձնակազմի 16 անդամներ, ըստ իրանական աղբյուրների նրանք բոլորը զոհվել են: Պատճառները պարզվում են:

Ինքնաթիռն ընկել է Կազվին քաղաքում, Իմամ Հոմեյնիի օդանավակայանից թռչելուց 15 րոպե անց: Օդանավի կործանման վայրում հրդեհ է բռնկվել, հաղորդում են Կազվինի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրները: Տեղեկությունները ճշտվում են:

Caspian Airlines-ը համատեղ ռուս-իրանական ավիաընկերություն է, հիմնվել է 1993թ. եւ օգտագործում է ռուսական արտադրության ինքնաթիռներ: Իրանի ԶԼՄ-ները հաղորդում են, որ սա առաջին ավիավթարն է Caspian Airlines-ի պատմության մեջ, հաղորդում է newsru.co.il-ը: