15 հուլիսի 2009 - 22:25 AMT
Դմիտրի Մեդվեդեւը ցավակցություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի նախագահներին
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ցավակցություն է հայտնել Հայաստանի եւ Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանին եւ Մահմուդ Ահմադինեժադին` Տու-154 ուղեւորատար ինքնաթիռի կործանման առնչությամբ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հղված հեռագրում, մասնավորապես ասվում է. «Մեծ ցավով ընդունեցինք Թեհրանից-Երեւան չվերթ կատարող ուղեւորատար ինքնաթիռի վթարում Հայաստանի քաղաքացիների զոհվելու մասին լուրը: Ընդունեք խոր ցավակցություններն այդ ողբերգության առնչությամբ: Խնդրում եմ կարեկցանքի խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին եւ մտերիմներին, ողջ հայ ժողովրդին»:
Իրանի նախագահին հղված հեռագրում Դմիտրի Մեդվեդեւը նշել է. «Ռուսաստանը խոր ցավով ընդունեց բազմաթիվ մարդկային զոհեր տված Կազվին քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի լուրը: Ընդունեք իմ անկեղծ ցավակցություններն այդ ողբերգության առնչությամբ: Խնդրում եմ զոհվածների հարազատներին եւ մտերիմներին փոխանցել իրենց բաժին ընկած վշտի այդ ծանր պահին տոկունություն դրսեւորելու մաղթանքը», - հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը: