18 հուլիսի 2009 - 17:01 AMT
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ֆուտբոլային խաղը տեղի կունենա Բուրսայում
Որոշվել է քաղաքը, որտեղ կանցկացվի Ֆուտբոլի Թուրքիայի եւ Հայաստանի ազգային թիմերի միջեւ մրցախաղը 2010 թվականի Աշխարհի առաջնության շրջանակներում: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան (TFF) հայտարարել է, որ մրցախաղը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Բուրսայում Աթաթյուրքի անվան մարզադաշտում:

Մրցախաղը, որին, հնարավոր է, ներկա կլինի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, պետք է անցկացվեր նախագահ Աբդուլա Գյուլի հայրենի Կայսերի քաղաքում կառուցված նոր մարզադաշտում: Սակայն ազգայնականները 270 հազար ստորագրություն են հավաքել հայկական հավաքականի ժամանման դեմ, ուստի խաղի անցկացման վայրը փոխվել է:

Ընտրական մրցաշարի առաջին խաղը, որին ներկա է եղել Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, տեղի էր ունեցել սեպտեմբերի 6-ին Երեւանում: Հայաստանի հավաքականը Թուրքիայի հավաքականից պարտություն էր կրել 0:2 հաշվով:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն արդեն հայտարարել է, որ ֆուտբոլը դիտելու կմեկնի միայն բաց հայ-թուրքական սահմանով: