21 հուլիսի 2009 - 21:51 AMT
ԱՄՆ-ն ցանկանում է նպաստել Կասպից ավազանի ու Կենտրոնական Ասիայի երկրների աճին ու բարգավաճմանը
ԱՄՆ-ն ցանկանում է նպաստել Կասպից ավազանի ու Կենտրոնական Ասիայի երկրների աճին ու բարգավաճմանը: Ինչպես ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ Եվրասիայի էներգետիկ հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը:

«Ոմանք ԱՄՆ-ի ու ՌԴ-ի էներգետիկ քաղաքականությունը ներկայացնում են որպես Կենտրոնական Ասիայում «Մեծ խաղի» հաջորդ փուլը: Ես հերքում եմ դա: Էներգետիկ անվտանգությունը չպետք է զրոյական հաշվով խաղ լինի: Նման խաղերը չափազանց թանկ են: Մենք պետք է գտնենք այն ոլորտները, որտեղ կարող ենք համագործակցել Ռուսաստանի հետ»,-ասել է ամերիկացի պաշտոնյան:

Ըստ նրա, ԱՄՆ-ն ցանկանում է օգնել Եվրոպային էներգետիկ անվտանգության ոլորտում: «Եվրոպան մեր գործընկերն է ու մենք շահագրգիռ ենք, որ ԵՄ-ն տնտեսապես հզոր լինի: Ճիշտ է, Եվրոպայում կան երկրներ, որ կախված են էներգամատակարարումներից ու մեկ տրանսպորտային երթուղուց: Եվ եթե այդ երթուղին խափանվի, ինչպես դա եղավ 2009թ. հունվարին, ապա հետեւանքները կարող են լուրջ լինել»,-ասել է նա: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի նպատակն է խթանել էներգիայի մի քանի աղբյուրների զարգացումը, մի քանի երթուղիներով: