22 հուլիսի 2009 - 12:44 AMT
Եվրահանձնաժողովը 70 մլն եվրո կհատկացնի ENP ներդրումային նախագծերին
Մինչեւ տարեվերջ Եվրահանձնաժողովը 70 մլն եվրո կհատկացնի Եվրոպական հարեւանության ծրագրի` ENP ներդրումային նախագծերին: Հատկացվող միջոցները թույլ կտան ENP մասնակիից երկրներին ավելացնել ներդրումային նախագծերի ֆինանսավորումը էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի ու սոցիալական հատվածի ոլորտներում:

ԵՄ արտաքին քաղաքականության եւ ENP գծով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդները հայտարարել է, որ բավարարված է այն դրական արդյունքներով, որ ձեռք են բերբել Հարեւանության ներդումային ծրագրի շնորհիվ:

«Զգալի կլինի ENP ներդրումային նախագծերի ֆինանսավորման ավելացումը, ինչն ընդգծում է մեր աջակցությունը մեր հարեւանների բարեփոխումներին: Ես երջանիկ եմ, որ առաջին իսկ տարում շուրջ 15 նախագիծ հավանություն ստացավ, ջրամատակարարման, առողջության ու քաղաքային տրանսպորտի ոլորտներում»,-ասել է նա:

2008թ. մայիսին պաշտոնապես գործարկված ENP ներդրումային նախագծերը ստեղծվեցին Բենիտա Ֆերերո-Վալդների նախաձեռնությամբ, եւ նախատեսված են այն երկրների համար, որոնք արդեն ստորագրել են Եվրոպական հարեւանության համագործակցության ծրագիրը: Դրանք են Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Հորդանանը, Պաղեստինը, Լիբանանը, Մարոկկոն, Եգիպտոսը, Թունիսն ու Հայաստանը:

Եվրահանձնաժողովն արդեն 170 մլն եվրո է հատկացրել 2007-2013թթ. համար նախատեսված 700 միլիոնից (50-ական մլն եվրո հատկացվեց 2007-2008թթ., 70 մլն եվրո հատկացվել է այս տարի), հաղորդում է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը: