22 հուլիսի 2009 - 13:25 AMT
«Էրգենեկոնը» որոշիչ դատական գործ է Թուրքիայի համար
Ենթադրյալ դավադիրների հանդեպ դատական գործերը կարող են որոշիչ դեր խաղալ Թուրքիայի ժամանակակից պատմության մեջ, գրում է The Independent-ը:
Երկու դատական գործերով, որոնցից երկրորդը սկսվել է երեկ, անցնող 142 դատապարտյալների թվում են պաշտոնաթող գեներալներ, լրագրողներ եւ ակադեմիկոսներ: Նրանք բոլորը ենթադրաբար հանդիսանում են ծայրահեղ ազգայնամոլների «Էրգենեկոն» ստվերային կազմակերպության անդամները, որը պատասխանատու է համարվում վերջին տասնամյակում տեղի ունեցած մի շարք սպանություններում: Այժմ այն մեղադրվում է Արդարության եւ զարգացման իսլամական կուսակցության, քվեարկության ճանապարհով ընտրված կառավարությունը տապալելու փորձում:
Շատերի համար այդ մարդկանց դատական հետապնդումը զինվորականների իշխանության նկատմամբ ժողովրդավարական պետության հաղթանակը կլինի: Մյուսների, այդ թվում որոշ արեւմտյան կողմնորոշում ունեցող ազատականների համար, զինվորականները, իրենց բոլոր թերություններով հանդերձ, աշխարհիկ սահմանադրության երաշխավորողն էին:
«Աշխարհի մեծ մասը կարող է այդ պայքարին հետեւել միայն կողքից, հուսալով, որ Արդարության եւ զարգացման կուսակցությունը կապացուցի, որ այն պակաս վճռական է տրամադրված իր կրոնական մտահաղացումներում, քան ենթադրում են նրա հակառակորդները: Մի բան պարզ է: Թուրքիան չափազանց երկար է տուժել իր քաղաքական գործերին զինվորականների միջամտությունից: Եթե նա ցանկանում է իսկապես ժամանակակից լինել, ապա պետք է հստակ եւ բացարձակ տարանջատում իրականացնի», - նշվում է հոդվածում: