24 հուլիսի 2009 - 00:43 AMT
Երեւանում տեղի կունենա 23 համերգ ավելի քան 200 երաժիշտների մասնակցությամբ
Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում հուլիսի 30-ին կբացվի «Բաց երաժշտության փառատոն», որի ընթացքում մինչեւ սեպտեմբերի 21-ը կանցկացվի 23 համերգ:

«Իր ծավալով եւ բազմաժանրությամբ, «Բաց երաժշտության փառատոնը» կտարբերվի բոլոր նախորդ երաժշտական փառատոներից: Փառատոնի շրջանակներում 23 համերգ կանցկացվի համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների եւ օտարերկրյա նվագախմբրի մասնակցությամբ», - այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է փառատոնի նախաձեռնող, Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արամ Ղարաբեկյանը :

Նրա խոսքերով, հրաշալի հնչողություն կլինի, քանի որ հատուկ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում համերգների անցկացման համար Հայաստան է բերվել գերմանական երաժշտական տեխնիկա: Փառատոնի շրջանակներում կհնչի տարբեր ժանրերի երաժշտություն` համաշխարհային ճանաչում ունեցող հայ եւ օտարերկրյա երաժիշտների կատարմամբ:

«Գալիք տարում «Բաց երաժշտության փառատոնը» կանցկացվի ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ Հայաստանի մարզերում», - նշել է Արամ Ղարաբեկյանը:

Փառատոնի բոլոր մասնակիցներին, որոնց թիվը գերազանցում է 200-ը, մրցանակ կհանձնվի` «Արտիստ» բրոնզե արձանիկը, որի հեղինակը դիզայներ Արման Դավթյանն է:

Փառատոնի հովանավորներ են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, ՎիվիաՍելլ-ՄՏՍ ընկերությունը, Կոնվերս բանկն ու Ջինիշյան հիմնադրամը: