24 հուլիսի 2009 - 18:03 AMT
Ընդլայնվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը
Վերջերս նկատվում է Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրության ընդլայնում, հայտարարել է լրագրողներին ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության ու տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Մեզ սկսել են այցելել այնսպիսի երկրներից, որտեղից նախկինում զբոսաշրջիկներ չենք ունեցել»,-ասել է նա: Այդ երկրների թվում նա նշել է սկանդինավյան երկրները, Թայլանդը, ինչպես նաեւ Չինաստանն ու Ճապոնիան:

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվում մեծ է Ռուսաստանից ու Վրաստանից այցելողների թիվը, մի փոքր մաս են կազմում ԱՊՀ այլ երկրներից ժամանողները, այնուհետեւ հետեւում են ԵՄ-ի երկրները, ԱՄՆ-ն ու Իրանը: Նա հավելել է, որ անցյալ տարի Հայաստան էին այցելել նաեւ թուրք զբոսաշրջիկներ, եւ ըստ հավաստի տվյալների, «նրանք մեկնել են լավ տպավորություններով»: Ապրեսյանը հավելել է նաեւ, որ թուրքական խմբի հետ աշխատող տուրօպերատորը նրանց սպասում է նաեւ այս տարի: