24 հուլիսի 2009 - 20:57 AMT
Տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ալբոմի շնորհանդեսը
Հուլիսի 24-ին ՀՀ Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ալբոմի շնորհանդեսը: Միաժամանակ բացվել է նկարչի ճամփորդական էտյուդների ցուցահանդեսը:

Գիրք-ալբոլի շնորհանդեսին եւ ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ժողովրդաական նկարիչ Հակոբ Հակոբյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը եւ արվեստի այլ հայտնի գործիչներ:

«Ս.Մուրադյանի ստեղծագործությունները արտացոլում են խորհրդային գեղանկարչությն զարգացման ուղին եւ միաժամանկ կրում են վառ արտահայտված ազգային նկարագիր ու ազատ մտածելակերպը»,-ասել է արվեստագետ Լ.Սարգսյանը:

Ալբոմը հրատարակվել է «Անտարես» հրատարակչությունում Ս.Մուրադյանի ընտանիքի միջոցներով, կազմել են Գոհար եւ Զարուհի Մուրադյանները: Ալբոմում զետեղված են նկարչի աշխատանքների 94 լուսանկարներ:

Ս.Մուրադյանը ծնվել է 1927թ. Երեւանում: 1951թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1954թ. ի վեր ՀՀ նկարիչների միության անդամ է: Ս.Մուրադյանը նաեւ ակտիվ հասարակական գործիչ էր: 1964-68թթ. եղել է ՀՀ Գեղֆոնդի գեղարվեստական խորհրդի նախագահը, 1982-87թթ. եղել է ՀՀ նկարիչների միության նախագահ, 1985-90թթ. եղել է ՀայկԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1990-95թթ. եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր: Երկար տարիներ դասավանդել է Երեւանի գեղարվեստի ակադեմիայում, մինչեւ կյանքի վերջը եղել է ակադեմիայի Գիտխորհրդի անդամ: Նկարիչն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում ստացել է համամիութենական առաջին մրցանակը «Չդիմացան» նկարի համար: 1957թ. ի վեր մասնակցել է բազում հանրապետական, համամիութենական ու միջազգային ցուցահանդեսների: Վախճանվել է 2007թ.: