27 հուլիսի 2009 - 12:55 AMT
Կադրային տեղափոխություններն Իրանի կառավարությունում շարունակվում են
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կիրակի օրը պաշտոնանկ է արել հետախուզման գծով նախարար Գոլամհոսեյն Մոհսենի-Էջեին: Նախարարի պաշտոնանկությունը չի բացատրվում: Մինչդեռ, հրաժարական է տվել մշակույթի նախարար Մոհամմադ Հոսեյնի Սաֆրա Հարանդին` հայտարարելով, որ կառավարությունը թուլացել է առկա քաղաքական ճգնաժամի պատճառով:
«Ցավոք, վերջին իրադարձությունների կապակցությամբ, որոնք վկայում են մեր հարգարաժան կառավարության թուլության մասին, ես այլեւս չեմ համարում ինձ մշակույթի նախարար եւ մտադիր չեն վաղվանից գալ նախարարություն»,-ասվում է հրաժարականում: Հարանդին հայտարարել է, որ ինքն է հրաժարական տվել, վերջ դնելու համար նախարաների կաբինետում ընթացող պաշտոնանկությունների մասին լուրերին: Որոշ տվյալներով, իրենց պաշտոններից զրկվել են երեք նախարարներ, սակայն նախագահի աշխատակազմում հրաժարվել են հաստատել այդ հաղորդագրությունները, հաղորդում է BBC-ին:
10 օրից նախագահը պետք է երդման բերի նախարարների կաբինետի նոր կազմին, սակայն երկրում դեռեւս չեն դադարում ընդդիմության բողոքի ցույցերը, որոնք չեն ընդունում ընտրություննեի արդյունքները:
Հուլիսի 25-ին Իրանի նախագահը չեղյալ է համարել իր փոխնախագահի նշանակումը: Ահմադինեժադի այդ որոշումը բխում է գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեիի նամակից, որտեղ ասվում է, որ այդ թեկնածությունն անընդունելի է: Սակայն արդեն շաբաթ օրը Ահմադինեժադը Մաշաիին նշանակեց իր անձնական շտաբի պետ, եւս մեկ առիթ տալով պահպանողականների հետ առճակատման համար: Մաշաին հարուցել էր կոշտ կուրսի կողմնակիցների ցասումը` անցյալ տարի հայտարարելով, որ Իրանն ու Իսրայելը պետք է բարեկամանան: