27 հուլիսի 2009 - 14:05 AMT
Սեւանի երկրորդ բարեգործական տրիատլոնը հավաքել է 9 հազար դոլար
Արդեն երկրորդ անգամ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը Սեւանի ափին կազմակերպում է բարեգործական տրիատլոն` վազք, հեծանվավազք եւ լող: Մրցումներին, որոնք անցել են օլիմպիական եւ կարճ ձեւաչափով մասնակցել են ինչպես առանձին անհատներ, այնպես էլ թիմեր:

Օլիմպիական ձեւաչափ` 1,5 կմ լող, 40 կմ հեծանվավազք եւ 10 կմ` վազք:

Կարճ ձեւաչափ` 500 մ լող, 26 կմ հեծանվավազք եւ 5 կմ վազք:

Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել մրցումների կազմակերպիչ` ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչ Զակ Բուրսթեյնը, այս տարի մրցումներին մասնակցել է շուրջ 75 մարդ: Մասնակիցների թվում էին դեսպանատան, տարբեր կազմակերպությունների աշխատակիցներ, հայաստանաբնակ ամերիկացիներ, ինչպես նաեւ հայեր:

Հավաքված գումարը, ինչպես եւ անցյալ տարի, կօգտագործվի բարեգործական նպատակներով: Ըստ Բուրսթեյնի, եռամարտի արդյունքում հավաքվել է 9000 դոլար, որը կհատկացվի Ամերիկայի վիրավոր ծովային հետեւակայինների հիմնադրամին, ինչպես նաեւ «Տիրամայր» ամառային ճամբարին, որտեղ հանգստանում են երեխաներ Հայաստանի անապահով ընտանիքներից:

Դեսպանատան ներկայացուցիչը նշել է, որ կազմակերպիչները մտադիր չեն սահմանափակվել այդ գումարով, նվիրատվությունների հավաքագրումը կշարունակվի մեկ ամսվա ընթացքում: Բարեգործական նպատակից բացի, կազմակերպիչները քարոզում էին առողջ ապրելակերպ: Բոլոր երեք մրցումների ավարտին հաղթողներին հանձնվեցին մրցանակներ:

Առաջին տրիատլոնը, որ կայացավ 2008-ին, հավաքեց շուրջ 10 000 ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք, որ PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը միջոցառման ինֆորմացիոն հովանավորն է: