27 հուլիսի 2009 - 18:14 AMT
Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ հանցագործություններ կատարել Ռուսաստանում
Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ հանցագործություններ կատարել Ռուսաստանում: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիեւը: Նրա խոսքով, հանցագործություների քանակը նվազել է գրեթե 22 տոկոսով:

«Հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքը կոնկրետ դրական արդյունքներ է տալիս»,- ասել է Նուրգալիեւը` նշելով, որ երկու պետությունների գերատեսչությունների միջեւ արդեն 10 տարի շարունակ կայուն տեղեկատվական փոխանակություն է հաստատված, հաղորդում է rosbalt.ru-ն:

Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության պատվիրակությունը նախարար Ռաշիդ Նուրգալիեւի գլխավորությամբ աշխատանքային այցով Կուբան է ժամանել: Ռուսական ոստիկանության ղեկավարության հետ միասին մարզ են ժամանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախարարության ներկայացուցիչներ: Պատվիրակությունների այցի նպատակն է` Կուբանի տարածքում անցկացնել ուժային գերատեսչությունների միավորված կոլեգիա: