28 հուլիսի 2009 - 12:07 AMT
«Արմավիան» ներկայացրել է Երեւան-Խարկով նոր չվերթը
«Արմավիան» ներկայացրել է Երեւան-Խարկով նոր չվերթը, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, ընկերության ուղեւորները կարող են մեկնել Ուկրաինայի` Կիեւից հետո երկրորդ մշակութային կենտրոնը յուրաքանչյուր երկուշաբթի «Արմավիա» ընկերության չվերթով:

Շատ ուղեւորներ Խարկով էին հասնում տարանցիկ ուղիներով, ինչը երկար է եւ անհարմարավետ: Ուստի, նոր ուղղությունը արդեն չորրորդը կլինի դեպի Ուկրաինա` Օդեսսա, Սիմֆերոպոլ, Կիեւ, եւ կլինի հարմարավետ ու պահանջված երկու հանրապետությունների ուղեւորների համար:

«Արմավիա» ընկերությունը Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ է: Ավիաընկերության շարժակազմն ընդգրկում է A-319 (3), A-320 (2), Իլ-86, ՏՈւ-134 տիպի ինքնաթիռներ: «Արմավիա» ընկերությունն առաջինը ձեռք կբերի նոր «Սուխոյ Superjet S-100» ինքնաթիռը մինչեւ 2009 ավարտը:

Ընկերությունը ամեն ամիս կատարում է շուրջ 250 չվերթ ԱՊՀ, Եվրոպայի ու Մերձավոր Արեւելքի երկրների շուրջ 30 ուղղություններով: 2008-ին «Արմավիան» տեղափոխել է 647 000 ուղեւոր: