28 հուլիսի 2009 - 19:29 AMT
ԼՂՀ անվտանգության երաշխիքները չեն կարող այսoրվանից ցածր լինել
«ԼՂՀ իշխանությունները Մադրիդյան սկզբունքների մասին պաշտոնական փաստաթուղթ չեն ստացել, ուստի Ստեփանակերտը մինչ օրս այդ առիթով հանդես չի եկել պաշտոնական հայտարարությամբ»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ եւ ՀՀ նախագահին կից Հանրային խորհրդի անդամ Խոսրով Հարությունյանը: Նա նաեւ նշել է, որ ԼՂՀ-ում, իհարկե, որակյալ առաջընթաց են արձանագրել Մադրիդյան սկզբունքներում` դեպի հակամարտության արդարացի լուծման կողմը:

Հարությունյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղը Մադրիդյան սկզբունքների առնչությամբ որոշակի անհանգստություն ունի, ու նախ եւ առաջ դա վերաբերում է ԼՂՀ անվտանգության հարցերին: Հարությունյանը նաեւ ավելացրել է, որ այդ անհանգստությունը չի նշանակում հրաժարվել ողջ փաստաթղթից, այլ ուղղված է նրան, որպեսզի ԼՂՀ անվտանգության հարցերի շուրջ բանակցություններն ավելի խորացվեն:

Խոսրով Հարությունյանը գտնում է, որ ԼՂՀ անվտանգության երաշխիքները, որոնք պետք է ներառվեն Մադրիդյան սկզբունքների մեջ, չեն կարող ներկայիս մակարդակից ցածր լինել: «Ինչպես իշխանությունները, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հասարակական սեկտորը գտնում են, որ բանակցությունների արդյունքում իրենց չի կարող հատկացվել այսօր փաստացիորեն գոյություն ունեցող կարգավիճակից ցածր կարգավիճակ»,- հայտնել է Խոսրով Հարությունյանը: