29 հուլիսի 2009 - 19:01 AMT
Հայաստանը միջոցներ է որոնում Երեւան-Բաթումի ճանապարհի կառուցման համար
Երեւան-Բաթումի ավտոճանապարհի կառուցման հարցում առաջընթաց է արձանագրվել: Մասնավորապես, ինչպես լրագրողներին է այսօր հայտնել Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, վերջին ժամանակներս այցով Հայաստանում էր գտնվում Զարգացման ասիական բանկի (ԶԱԲ) փոխնախագահ Կսաո Չժաոն, որի հետ հանդիպմանը քննարկվեցին տրանսպորտի ոլորտին, մասնավորապես Երեւան-Բաթումի ավտոճանապարհի կառուցմանն առնչվող մի շարք հարցեր:

Այդ կապակցությամբ տրանսպորտի նախարարն ավելացրել է, որ ԶԱԲ-ի հետ ավտոճանապարհի կառուցման համար վարկային միջոցների հատկացման համաձայնության ստորագրման վերաբերյալ բանակցություններ են վարվում:

Բացի դրանից, Սարգսյանի խոսքով, այդ նախագծի ֆինանսավորման վերաբերյալ բանակցություններ են վարվում այլ շահագրգռված անձանց հետ: Ներկա պահին դեռեւս չի որոշվել նախագծի ֆինանսավորման գումարը, այլ միայն աշխատանքներ են ընթանում նախագծի տեխնիկա-տնտեսական հիմնավորման (ՏՏՀ) շուրջ: Երբ այդ աշխատանքներն ավարտվեն, կարելի կլինի խոսել անմիջականորեն ինքնին նախագծի եւ նրա ֆինանսավորման մասին:

Ինչ վերաբերում է այդ նախագծի իրականացման ժամկետներին, ապա այդ առիթով Սարգսյանը նկատել է, որ դրա իրականացումը տարիներ կպահանջի, սակայն նախագծի ժամկետների մասին ավելի ճշգրիտ կարելի կլինի դատել ՏՏՀ ավարտից հետո: