30 հուլիսի 2009 - 14:05 AMT
Սերժ Սարգսյան. Այսօր հայոց բանակն ուժեղ է, քան երբեւէ
Հայոց բանակը պատվով է շարունակելու իր սրբազան առաքելությունը, մնալու է մեր պետության ու ժողովրդի անվտանգության հուսալի պաշտպանը, մնալու է տարածաշրջանային խաղաղության ու կայունության առանցքային եւ անփոխարինելի բաղադրիչը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանում իր ելույթում` ընդունելով ռազմական շքերթը, որը նվիրված էր Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակին:

Անդրադառնալով բանակի այսօրվա դրությանը` նախագահն ասել է.«Այսօր մենք ուժեղ ենք. ուժեղ ենք, քան երբեւէ, մեր բանակն ամուր է, արդիական եւ ունակ լուծելու ցանկացած խնդիր: Նա պատվով է բռնել ո՛չ միայն պատերազմի, այլեւ խաղաղության քննությունը` մարմնավորելով ողջ հայության հաղթական ոգին»:

Ըստ Ս.Սարգսյանի, ՀՀ Զինված ուժերն արդեն բազմիցս են հաստատել իրենց բարձր պրոֆեսիոնալիզմն ու բարձր բարոյահոգեբանական հատկությունները պաշտպանելով իր հայրենիքի սահմանները, զորավարժությունների եւ խաղաղարար առաքելությունների կատարման ժամանակ: