31 հուլիսի 2009 - 16:58 AMT
Հայաստանում առաջին անգամ կանցնեն Հայկական Ընդհանուր մարզային միության խաղերը
Օգոստոսի 1-8 Հայաստանում առաջին անգամ տեղի կունենան Հայկական Ընդհանուր մարզային միության խաղերը 5 մարզաձեւերով` ֆուտբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս, շախմատ, լող
Այդ մասին այսօր հաղորդել է հայ ազգային սկաուտական շարժման ղեկավար Հրաչյա Շմավոնյանը: Ըստ նրա, խաղերին մասնակցում են շուրջ 500 մասնակիցներ 15 երկրներից` Հայաստանից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Անգլիայից, Բուլղարիայից, Հունգարիայից, Եգիպտոսից, Իսրայելից, Լիբանանից, Կանադայից, Սիրիայից, Ֆրանսիայից, Իրանից: Խաղերը անց են կացվում չորս տարին մեկ անգամ: «Կազմակերպելով մրցումները, ABCC-ին միավորում է սփյուռքի երիտասարդությանը մարզական ոգու եւ Հայ դատի գաղափարների շուրջ»,-ասել է Հ.Շմավոնյանը:
Խաղերը մեկնարկում են օգոսոտսի 1-ին Երեւանում` Հյուսիսային պողոտայից: Մասնակիցները այցելության ընթացքում կլինեն Սեւանում, ինչպես նաեւ դասախոսություն կլսեն Հայ դատի թեմայով, որից հետո հարգանքի տուրք կմատուցեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես հաղորդել է Հրաչյա Շմավոնյանը, մրցումների հաղթողներին կհանձնվեն մեդալներ ու գավաթներ, իսկ ՀՀ Ազգայի օլիմպիական կոմիտեի ղեկավար Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, ստեղծվել է խաղերի հատուկ փոխանցիկ գավաթ:
Խաղերի կազմակերպմանը աջակցել են ՀՀ տարբեր պետական կառույցներ ու սպորտային ֆեդերացիաներ, ինչպես նաեւ ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն: