3 օգոստոսի 2009 - 20:50 AMT
Աշխարհը շարժվում է դեպի աղետալի էներգետիկ ճգնաժամ
Աշխարհը շարժվում է դեպի աղետալի էներգետիկ ճգնաժամ, ինչը կարող է կասեցնել համաշխարհային տնտեսական աճը: Չէ որ, խոշոր նավթային հանքատեղերը արդեն սպառել են իրենց լավագույն պաշարները: Այդ մասին զգուշացնում է էներգետիկայի ասպարեզում առաջատար տնտեսագետը:

Նավթի բարձր գները, ինչը բխում է մեծ պահանջարկից եւ ներկրումների պակասից, կարող են խանգարել տնտեսության վերականգնմանը, գտնում է դոկտոր Ֆաթի Բիրոլը` Փարիզի Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) գլխավոր տնտեսագետը:

Բրիտանական Independent թերթին տված հարցազրույցում Բիրոլը, ասել է, որ շատ երկրների հասարակությունը եւ կառավարությունները մոռանում են, որ նավթը, որից կախված է ժամանակակից քաղաքակրթությունը, ավելի արագ է սպառվում, քան առաջ էր, եւ կանխատեսել է, որ նավթի համաշխարհային արտադրությունը իր գագաթնակետին կհասնի 10 տարի անց, այլ ոչ թե 20, ինչպես գտնում են շատ պետություններ:

ՄԷԳ-ի գնահատականների համաձայն, գոյություն ունեցող հանքատեղերում ներկա դրությամբ նավթի արդյունաբերության կրճատումը կազմում է 6,7 տոկոս, ի համեմատություն իսկ 2007-ին, երբ 3,7 տոկոս էր: