27 ապրիլի 2002 - 00:04 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԿԴՐՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ
Ընթացիկ տարվա մայիսին Իսլանդիայի մայրաքաղաքում կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Իսմաիլ Ջեմի հանդիպումը: Քննարկման հիմնական թեման կլինի հարավ-կովկասյան տարածաշրջանում համագործակցության զարգացման հարցերը: «Արմինֆո» գործակալության թղթակցին Վարդան Օսկանյանն այսօր հայտնել է, որ մայիսի 14-15-ին Ռեյկյավիկում կկայանա ՆԱՏՕ-ի երկրների Համագործակցության Խորհրդի հերթական հանդիպումը, որի անդամներն են նաեւ Հայաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը: Հանդիպման շրջանակներում կարող են լինել ինչպես երկկողմ, այնպես էլ ընդլայնված կազմով հանդիպումներ: Հայաստանի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ տարվա սկզբին արդեն եղել է հանդիպում իր թուրք գործընկերոջ հետ Նյու Յորքում, եւ բացառված չէ, որ Ռեյկյավիկում երկխոսությունը կշարունակվի, չնայած հանդիպման մասին ոչ մի պայմանավորվածություն չի եղել: Նա նշել է նաեւ, որ ենթադրվում է տարածաշրջանային համագործակցության շեշտադրումով խնդիրների լայն շրջանակով քննարկում` հաղորդակցությունների ապաշրջափակումը, ՏՌԱՍԵԿԱ նախագծի իրականացումը եւ այլն: «Կքննարկվի Անկարայի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, թե ոչ, դժվար է ասել: Օրակարգի բացակայության դեպքում երկու կողմերն էլ կարող են քննարկել ցանկացած բնույթի հարցեր»,- նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: