6 օգոստոսի 2009 - 18:29 AMT
ՀՍՄ. Հայ սպառողը տեղեկատվացածության եւ գիտակցության բարձրացման կարիք ունի
«Մեր հիմնական խնդիրներից մեկը սպառողի տեղեկատվացածության եւ գիտակցության բարձրացումն է: Սպառողը պետք է առավելագույն գիտելիքներ ունենա, այդ թվում փաթեթավորման վրա նայի մթերքի պիտանելիության ժամկետը: Եւ խնդիրների դեպքում դիմի համապատասխան տեսչություն»,- այսօր մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նա նաեւ նշել է, որ սպառողների համար արդեն գործում է համապատասխան թեժ գիծը:

Իսկ ինչ վերաբերում է փողոցային առեւտրին, ապա Արմեն Պողոսյանն ասել է, որ իրավաբանական տեսակետից նման առեւտուր գոյություն չունի, եւ ավելացրել. «Մենք պետք է բոլոր շուկաների տնօրեններին կոչ անենք իջեցնել տաղավարի վարձավճարը շուկայում եւ դրանով իսկ նպաստել փողոցային առեւտրի կրճատմանը»:

Արմեն Պողոսյանի խոսքով, օգոստոսի վերջին կկազմակերպվեն շուկաների եւ սուպերմարկետների ստուգումներ` սպասարկման բարելավման եւ սպառողի ու արտադրողի միջեւ հարաբերությունների կարգավորման համար:

Խախտումների հայտնաբերման դեպքում կնշանակվի տուգանք 50-100 հազ. դրամի չափով: