7 օգոստոսի 2009 - 12:42 AMT
Ռուսաստանը շահագրգռված չէ պահպանել հակամարտությունները Կովկասում
Ռուսաստանը շահագրգռված չէ պահպանել հակամարտությունները Կովկասում եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մեծ ջանքեր է գործադրում աջակցելու համար ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ մասին ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն ասել է Անկարայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո: «Մեդվեդեւը կանոնավոր հանդիպումներ է ունենում երկու պետությունների ղեկավարների հետ եւ մեծ դրական աշխատանք է տանում, կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Ես ասում եմ առանց որեւէ չափազանցության` իսկապես մեծ դրական աշխատանք է կատարում»,-ասել է Պուտինը:

«Ռուսաստանը շահագրգռված է կարգավորման հարցում, եւ հակառակը, շահագրգռված չէ Կովկասում հակամարտությունների պահպանման հարցում»,-ասել է ՌԴ կառավարության ղեկավարը: Ըստ նրա, ցանկացած բախումնային իրավիճակ խանգարում է ՌԴ-ի հետ դրական հարաբերություններին այս կամ այն երկրի հետ: «Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել է հետեւյալը` մենք չենք կարող փոխարինել հակամարտող կողմերին: Մենք կարող ենք այդ գործընթացի ու պայմանավորվածությունների երաշխավորը լինել»,-ասել է Պուտինը: «Մենք ամեն կերպ կօգնենք, որպեսզի այդ պայմանավորվածությունները, այդ փոխզիջումները գտնվեն, ձեռք բերվեն եւ հանգեցնեն ամբողջական ու վերջնական կարգավորման»,-հավաստիացրել է ՌԴ վարչապետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: