8 օգոստոսի 2009 - 13:46 AMT
Ախթամարի Սբ.Խաչ եկեղեցին ներկայացվում է թանգարանի տեսքով
Թուրքիայում Ախթամարի Սբ.Խաչ վերանորոգված եկեղեցին գործում է թանգարանի տեսքով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սանքտ Պետերբուրգի ժամանակակից Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման կենտրոնի առաջատար վերլուծաբան Ալեքսանդր Սոտնիչենկոն: Նրա խոսքերով, նույնիսկ եթե եկեղեցու վրա խաչ տեղադրվի, դա ոչինչ չի նշանակի, քանի որ որքանով իրեն է հայտնի եկեղեցու վրա թուրքական դրոշ է տեղադրված:

«Թուրքիայի գործողությունները Արեւմուտքին ու ՌԴ-ին ուղղված խաղ են»,-ասել է ռուս վերլուծաբանը: Ընդ որում Սոտնիչենկոն նշել է, որ Թուրքիան գրագետ տեղեկատվական քաղաքականություն է վարում: «Որոշ ժամանակ առաք Թուրքիան իր հաշվին հրավիրել էր մեծաթիվ ռուս եւ օտարերկրյա լրագրողների` հին հայկական հուշարձանները նրանց ցույց տալու նպատակով, փորձելով ասել թե «իբր մեր միջեւ ոչ մի հակամարտություն չկա»: Եվ հետո, ես չեմ կարծում, թե Թուրքիան դեմ կլինի, եթե Ախթամարը նոր զբոսաշրջային կենտրոն դառնա»,-ասել է ռուս թրքագետը:

Նրա խոսքերով, Թուրքիան իր բոլոր գործողություններով ցանկանում է ցույց տալ, որ ինքը հարգանքով է վերաբերվում այն ժողովրդների մշակույթին, որոնք նախկինում ապրել են իր տարածքում: Սակայն, անկախ բոլոր «խելացի» քաղաքական քայլերից` մի բան է վերականգնել եկեղեցին, այլ բան է` բացել սահմանը, մեկը մյուսի հետ կապ չունի:

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ Թուրքիան փորձում է տարածել իր ազդեցությունը Կովկասում»,-ասել է ռուս վերլուծաբանը` հավելելով, որ Բաքվում վախենում են հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից:

«Թուրք-ադրբեջանական հարաբերություններն արդեն այդքան ամուր չեն, ինչպես նախկինում: 90-ականներին թուրքական կառավարությունն ավելի ամուր էր կապված Ադրբեջանի հետ, իսկ ներկայիս կառավարությունը Բաքվի շահերին դեմ է գնում, քանի որ շահագրգիռ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: