11 օգոստոսի 2009 - 17:27 AMT
Հայկ Բաբուխանյան. Թող Անկարան ինքը մտածի, թե ինչպես բացի սահմանը. դա մեր խնդիրը չէ
«Հայաստանի հետ կապված բլոր խնդիրները վերածվել են մի կծիկի, որը կփորձեն քանդել այս աշնանը»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Սահմանադրական իրավունք Միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքով, ներկայումս հայ-թուրքական սահմանը դարձել է ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ-ի միջեւ սահման:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանը` Բաբուխանյանը հայտնել է, որ ինքն այդ իրադարձությունը հայ-թուրքական սահմանի բացում չէր անվանի, քանի Թուրքիան ինքն է փակել սահմանը, իսկ այժմ տեղի է ունենալու արգելափակման վերացում: «Դա մեր խնդիրը չէ, եւ թող Անկարան ինքը մտածի, թե ինչպես բացի սահմանը: Մենք նրան արդեն բավականաչափ օգնել ենք»,- ասել է կուսակցության ղեկավարը: Ընդ որում, Բաբուխանյանը նաեւ նշել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը շահեկան կլինի ողջ տարածաշրջանին:

Բաբուխանյանը նաեւ ընդգծել է, որ Թուրքիան պետք է առավել շահագրգռված լինի սահմանի բացման հարցում, քանի որ ցանկանում է մուտք ունենալ Եվրոպա եւ անդամակցել Եմ-ին: