11 օգոստոսի 2009 - 19:12 AMT
Հայկ Բաբուխանյան. Մեթյու Բրայզան պետք է Հայաստանում անցանկալի անձ հայտարարվի
«Ես վարդեն վաղուց եմ ասել, որ Մեթյու Բրայզան պետք է Հայաստանում անցանկալի անձ հայտարարվի»,- Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Սահմանադրական իրավունք Միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը: Նրա խոսքով, երբ Երբ հայ քաղաքական գործիչն է քննադատում իր երկիրը, դա մի բան է, բայց օտարերկրացու քննադատությունը անհարգալից վերաբերմունք է այդ պետության հանդեպ: «Օտարերկրացին չպետք է իրեն ավելորդ բաներ թույլ տա»,- ասել է Բաբուխանյանը:

Կուսակցության առաջնորդը տեսակետ է հայտնել նաեւ Մադրիդյան սկզբունքների առնչությամբ: «Մադրիդյան սկզբունքների համաձայն, որոշակի տարածք վերադարձվելու է Ադրբեջանին, որի փոխարեն մենք կստանանք ԼՂՀ անկախությունը»,- նշել է Հայկ Բաբուխանյանը եւ ավելացրել, որ եթե կողմերը խաղաղ կարգավորման ցանկություն ունեն, ապա ստիպված կլինեն որոշակի զիջումների գնալ:

«Ադրբեջանը ցանկանում է ստանալ շրջանները եւ միայն հետո անցկացնել հանրաքվեն, իսկ Հայաստանը` հակառակը: Իր կարգավիճակի մասին վերջնական որոշումը կկայացնի Ղարաբաղը»,- ընդգծել է Բաբուխանյանը` նշելով, որ եթե կողմերին պահվածքի որոշակի մոդել թելադրվի, ապա դա արդեն ավելի շատ նման կլինի «ճանապարհային քարտեզին», որում բոլոր քայլերը ծրագրված են: