12 օգոստոսի 2009 - 20:30 AMT
Կոսովոյում Թինա Քեյդենաուի աշխատանքային փորձը կարող է նպաստել ԼՂՀ անկախության ճանաչմանը
«Ես չեմ կարծում, որ նոր մարդկանց նշանակումը կարող է զգալիորեն փոխել երկրի քաղաքականությունը»,- PanARMENIAN.Net-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահի պաշտոնում Թինա Քեյդենաուին նշանակելու հնարավորության առիթով:
Ընդ որում, Մասիս Մայիլյանը հույս է հայտնել, որ Կոսովոյում Թինա Քեյդենաուի աշխատանքային փորձը եւ նրա աջակցությունը այդ շրջանի անկախության ճանաչմանը կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը ինչպես ԱՄՆ, այնպես էլ միջազգային հանրության կողմից:
Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Մեթյու Բրայզան հայտնել է, որ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնը` փոխարինելով Մեթյու Բրայզային:
Բրայզայի իրավահաջորդը` Թինա Քեյդենաուն, երկու տարի աշխատել է Կոսովոյում ԱՄՆ առաքելության կազմում, նախքան նրան կնշանակեին Կոսովոյում ԱՄՆ դեսպան: Իսկ մինչ այդ, նա երեք տարի աշխատել է որպես Սարաեւոյում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ: