13 օգոստոսի 2009 - 17:34 AMT
Ռուսաստանն ու Թուրքիան քննարկում են նավթամշակման գործարանի կառուցման հնարավորությունը
Ռուսաստանի եւ Թուրքիայի իշխանությունները պայմանավորվել են նախագծել նավթամշակման գործարանի շինարարության եւ համատեղ իրացման հնարավորությունը: Այդ մասին նշվում է ռուսական պատվիրակության վերջերս Անկարա կատարած այցի ընթացքում ստորագրված միջկառավարական արձանագրությունում:

Կողմերն աշխատանքային խումբ են ստեղծում, որը կվերլուծի «նավթամշակման գործարանի շինարարության ու նավթամթերքների համատեղ իրացման, այդ թվում նաեւ երրորդ երկրներում, կազմակերպման հնարավորությունը»: Կողմերը նաեւ կխրախուսեն Ռուսաստանում եւ Թուրքիայում, ինչպես նաեւ երրորդ երկրներում համատեղ նավթային ընկերությունների ստեղծումը, ածխաջրածնի հանքավայրերի հետախուզումն ու մշակումը:

Կողմերը կնպաստեն ՌԴ-ից Թուրքիային նավթի եւ նավթամթերքերի մատակարարումներին` ռուսական նավթային ընկերությունների հետ առեւտրային պայմանագրերով սահմանված ծավալներով:

ՌԴ եւ Թուրքիայի վարչապետներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 6-ին Անկարայում կայացած բանակցությունների արդյուքնում արձանագրություն են ստորագրել նավթային ոլորտում համագործակցության շուրջ, որում խոսքը վերաբերում է ռուս-թուրքական աշխատանքային խմբի ստեղծմանը, որը կուսումնասիրի Սամսուն-Ջեյհան նավթատարի շինարարության նախագծին Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը:

Խողովակաշարը կանցկացվի Սամսուն սեւծովյան նավահանգստից մինչեւ միջերկրական ծովի Ջեյհան նավահանգիստը եւ հնարավորություն կընձեռի նավթը փոխադրել` շրջանցելով Սեւծովյան Բոսֆոր եւ Դարդանելի ծանրաբեռնված նեղուցները: Նախագիծն իրականացնում են թուրքական Calik Energy եւ իտալական Eni հոլդինգները: Նավթատարը նախատեսված է տարեկան 60-70 մլն տոննա նավթի փոխադրման համար:

Հայաստանում արդեն աշխատանքներ են ստեղծվել համատեղ հայ-իրանական նավթամշակման գործարանի շինարարության ուղղությամբ: Նախագծի արժեքը կազմում է շուրջ 250-280 մլն ԱՄՆ դոլար: