13 օգոստոսի 2009 - 22:38 AMT
Թուրքիան երբեք շահագրգռված չի եղել Հայաստանի հետ բանակցությունների հարցում
«Ռուս-վրացական պատերազմից հետո, Թուրքիայի ներկայացուցիչներն անմիջապես այցելեցին Ռուսաստան` Անվտանգության Կովկասյան հարթության առաջարկությամբ», - Երեւանում կայացած «Հայ-թուրքական հարաբերություններ. անցյալն ու ապագան» խորագիրը կրող սեմինարի ժամանակ հայտարարել է Հայաստանի ռազմավարական ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը: Ընդ որում, նա նշել է, որ Անկարան անմիջապես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ էր սկսել Հայաստանի, այլ ոչ գերտերությունների հետ:

Փորձագետը նաեւ գտնում է, որ Թուրքիան երբեք շահագրգռված չի եղել Հայաստանի հետ բանակցություններով, եւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելով, նա չէր սպասում, որ գերտերությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կառանձնացնեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից: Ուստի, ըստ հայ փորձագետի, հենց այդ նպատակով Թուրքիան «առերեւույթ» հարկադրված էր առաջարկել բացել սահմանը: