15 օգոստոսի 2009 - 13:23 AMT
Պաշտոնական Բաքուն նշել է, թե ինչ խաղաղարար զորքեր է ցանկանում տեսնել Ղարաբաղում
«Ադրբեջանի դիրքորոշումը փոփոխություն չի կրել. հայերը պետք է աստիճանաբար ազատեն Ղարաբաղի շուրջ գրավված տարածքները, իսկ հարկադրված վերաբնակիչները կվերադառնան հարազատ վայրեր: Դրանից հետո, անցումային շրջանում պետք է տեղի ունենա Լաչինի եւ Քելբաջարի շրջանների ազատագրումը եւ միաժամանակ, Հայաստանի ու ԼՂ միջեւ միջանցքի կազմավորումը: Այդ գործընթացները պետք է ուղեկցվեն տարածքների ականազերծման եւ վերականագնողական աշխատանքներով: Այս ամենը կարող է տեւել մինչեւ 5-ից 10 տարի», - այդ մասին Turan-ին տված հարզազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:

«Այնուհետեւ դրան պետք է հաջորդի հարկադրված վերաբնակիչները վերադարձը անմիջականորեն Լեռնային Ղարաբաղ, խաղաղարար ուժերի տեղակայումը: 60 հազար ադրբեջանցիների վերադարձից եւ 1991 թվականի իրավիճակի վերականգնումից հետո, կարող է մշակվել ԼՂ իրավական կարգավիճակը: Այս ամենը կարող է տեւել մինչեւ 10 տարի»,- ավելացրել է նա:

Ընդ որում, Նովրուզ Մամեդովն ընդգծել է, որ ԼՂ կարգավիճակը պետք է մշակվի բացառապես միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

«Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է նրանում, որ խաղաղարարների կազմում չպետք է լինեն զինվորականներ հարեւան պետություններից: Մեր կարծիքով, լավ կլիներ, եթե խաղաղարար առաքելությունը կազմակերպվեր ԱՄՆ-ի եւ Եվրոպական պետությունների Զինված ուժերի ներկայացուցիչներից», - ասել է Ն. Մամեդովը:

«Ինչ վերաբերում է խաղաղարար ուժերի տեղակայմանը, ապա օպտիմալ կլիներ խաղաղարարների տեղակայումը ԼՂ եւ շրջակա շրջանների շփման գծում», - ավելացրել է նա:

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավիճակի որոշմանը, ապա դա պետք է տեղի ունենա Ադրբեջանի գործող Սահմանադրության հիման վրա: ԼՂ կարգավիճակի հարցը կլուծվի վերջին փուլում, եւ այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են: Ուստի ոչ մի որոշակի բան առայժմ ասել չեմ կարող», - նշել է Ն. Մամեդովը: